Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ անդրադարձել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա և լուծում պահանջող հիմնախնդիրներին։
Նա նշել է երեխաների նկատմամբ բռնության ու բուլինգի կանխարգելման, կրթության հավասար հասանելիության ապահովման և հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իր գործունեության շրջանակում շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ հետևողականորեն բարձրաձայնելով առկա խնդիրները և ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։
Մշտադիտարկումների, բողոքների ուսումնասիրության և տարբեր հաստատություններ կատարած այցերի արդյունքում արձանագրված խնդիրները ցույց են տալիս, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող մի շարք հարցեր։ Դրանց թվում են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու դեպքերի բացահայտումը, իրավասու մարմինների արդյունավետ և ժամանակին արձագանքը, անձնական տվյալների պաշտպանությունը, կրթության իրավունքի իրացման հասանելիությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք երաշխավորումը։
Այս ուղղություններով առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների կատարելագործում, այլև բոլոր պատասխանատու կառույցների հետևողական ու փոխհամաձայնեցված աշխատանք։
Այս համատեքստում կարևորում եմ նաև երեխաների հետ անմիջական շփումը և նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը»,-ասվում է ուղերձում:
ՄԻՊ-ը նշել է, որ հենց այս նպատակին են միտված Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից Հայաստանի տարբեր մարզերում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև երեխաների խնամքն ու պաշտպանությունն իրականացնող կառույցներում պարբերաբար իրականացվող այցերն ու հանդիպումները։
«Իրենց իրավունքների և դրանց պաշտպանության հնարավորությունների մասին տեղեկացված երեխաներն ավելի վստահ են բարձրաձայնում իրենց հուզող հարցերը, այդ թվում՝ բռնության, բուլինգի և իրավունքների այլ խախտումների վերաբերյալ։ Հետևաբար, երեխայի իրավունքների մասին գիտելիքի տարածումը պետք է դիտարկել ոչ միայն որպես իրազեկման աշխատանք, այլև՝ որպես խախտումների կանխարգելման և երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց», ասվում է ուղերձում:





