Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկից կարճ ժամանակ անց 30 րոպեով ընդմիջվել է, հայտնում է Panorama.am-ը:
Դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթացող դատավարության շրջանակում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը։
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդել է հետաձգել նիստը կամ ընդմիջում հայտարարել։ Պաշտպանը պարզաբանել է, որ հարակից դատական նիստերի դահլիճում պետք է մասնակցի մեկ այլ անհետաձգելի նիստի, որը նշանակվել է առանց իրեն նախապես տեղեկացնելու։
Այդ դատական նիստին պետք է ներկա լինի նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Վերջինս բացատրել է, որ մյուս նիստի հետաձգումը հնարավոր չէ, քանի որ այդ վարույթի շրջանակում արդեն սահմանափակում է կիրառվել, և քննարկման ենթակա է դրա գործողությունը պահպանելու կամ վերացնելու հարցը։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը զգուշացրել է, որ Արամ Օրբելյանի չվերադառնալու դեպքում նրա բացակայությունը կհամարվի անհարգելի։ Նման իրավիճակի կրկնության պարագայում փաստաբանը կհեռացվի վարույթից։
«Կարող ենք առավելագույնն ընդմիջել, գնաք, այնտեղ հետաձգեք մինչև ժամը 15.00-ն։ Եթե հետ չգաք կամ եկաք ու ասացիք՝ չի լինում, ձեր բացակայությունն անհարգելի կհամարենք։ Նման երկու դեպքից հետո կհեռացվեք վարույթից»,-ասել է նա:
Ռոբերտ Քոչարյանն իր հերթին հարցրել է՝ արդյոք դատական նիստը կարող է շարունակվել առանց պաշտպանի մասնակցության։
«Ասում եք՝ այնտեղ չեք համաձայնացրել, ասում եք՝ համաձայնեցված նիստը հետաձգենք, գնանք այնտեղ»,- նշել է դատավորը։
Միհրան Պողոսյանն արձագանքել է. «Գնացեք, այնտեղ ասեք»։





