ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը և գլխավորել «Ոչի» շտաբը՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը երկու հնարավոր արդյունքի դեպքում էլ նախատեսում է նրա հեռացումը՝ տարբեր ժամկետներում։ Խորհրդարանի ղեկավարն այս հարցին անդրադարձել է նոյեմբերի 20-ին՝ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ունեցած ելույթում։
ԱԺ նախագահը նշել է, որ ընդդիմության ելույթներից տպավորություն է ստանում, թե վարչապետի առաջարկը չի լսվել, հայտնում է Արմենպրեսը:
Նա հիշեցրել է՝ նոր Սահմանադրության մերժման դեպքում Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում՝ հաջորդ ընտրություններին չառաջադրվել։
«Երկու սցենար կա հանրաքվեի՝ կամ «այոն» է հաղթում, կամ «ոչը»։ Երկու դեպքում էլ՝ «ոչի» դեպքում միանգամից, «այոի» դեպքում հաջորդ ընտրություններից սկսած, ինքը հեռանում է։ Ինչո՞ւ չեք անում»,- հարցրել է Ռուբինյանը։
Խորհրդարանի ղեկավարն ընդդիմադիրների որդեգրած մոտեցումը պայմանավորել է խաղաղության գործընթացի նկատմամբ նրանց դիրքորոշմամբ։
«Միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել հետևյալը՝ ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը»,- հայտարարել է ԱԺ նախագահը։
Ռուբինյանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն քաղաքացիները։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը, իրենց հերթին, հանրաքվեի քարոզարշավի ընթացքում հնարավորություն կունենան ներկայացնել հակափաստարկները և քաղաքացիներին կոչ անել դեմ քվեարկել նախագծին։
«Մի խոչընդոտեք սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Գլխավորեք «Ոչի» շտաբը։ Կհաղթի «ոչը»՝ Փաշինյանը կհեռանա, կհաղթի «այոն»՝ Փաշինյանը հաջորդ ընտրություններին չի առաջադրվի։ Որոշումը ձերն է»,- ասել է նա։





