«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ խմբակցությունը մերժում է նոր Սահմանադրության հանրաքվեին աջակցելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Լրագրողների հետ ճեպազրույցի նա ընդգծել է, որ վարչապետի՝ պաշտոնից հեռանալու խոստումը չի ազդել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմադիր խմբակցության դիրքորոշման վրա, հայտնում է Արմենպրեսը:
Գրիգորյանը մտավախություն է հայտնել, որ վարչապետը հետագայում կարող է փոխել իր դիրքորոշումը՝ դա բացատրելով իրավիճակի փոփոխությամբ։
Խմբակցության ղեկավարը նաև առարկել է խաղաղության գործընթացը խոչընդոտելու վերաբերյալ ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին։ Նրա գնահատմամբ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգումը պայմանավորված է Ադրբեջանի քաղաքականությամբ։
«Խաղաղության խոչընդոտը Հայաստանում չէ, Հայաստանից դուրս է, և Ադրբեջանն ու ադրբեջանական քաղաքականությունն են, որ խոչընդոտում են խաղաղությունը։ Հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ»,- հայտարարել է Գրիգորյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ է հասարակական լայն համախոհություն, սակայն ներկայում Հայաստանում առկա է ընդգծված հանրային բևեռացում։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կառավարության ղեկավարի նախաձեռնությունը որևէ միջոցով ներկայացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Սամվել Կարապետյանին՝ Գրիգորյանը նշել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նման հաղորդակցություն չի եղել։ Նա վարչապետին հորդորել է առաջարկն անձամբ ներկայացնել նաև նրանց՝ կալանավայր այցելելով։
«Մեկուսարանի տեղը գիտի, ԱԱԾ-ի տեղը գիտի, թող գնա մի հատ էլ այնտեղ առաջարկը ներկայացնի։ Ես, իհարկե, առաջարկի պատասխանը հիմա հնչեցնում եմ, բայց եթե կարող է, թող գնա նաև այնտեղ հնչեցնի։ Մինչև այսօր, բնականաբար, որևէ նման կոմունիկացիա գոյություն չի ունեցել»,- ասել է խմբակցության ղեկավարը։
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հեռանկարի մասին՝ Աննա Գրիգորյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր ուժերը դիտարկում են իրադարձությունների զարգացման տարբեր հնարավորություններ։
«Հրաժարականից հետո երկու անգամ պետք է թեկնածուն չընտրվի, որպեսզի ցրվի խորհրդարանը և գնան արտահերթ ընտրությունների։ Դա ևս հնարավորություն է ստեղծում ընդդիմադիր ուժերի համար։ Այդ ժամանակահատվածում, այո՛, պետք է քննարկումներ տեղի ունենան և ճիշտ մտածված քայլեր ձեռնարկվեն»,- ասել է նա։
Նոյեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է տրամադրել նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնելու մասին որոշման ընդունման համար պակասող վեց ձայնը։





