AM
20 Նոյեմբեր 2026 - 19:00 AMT

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ–ում ՀՀ դեսպան

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Սամվել Մկրտչյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,–ասվում է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Սամվել Մկրտչյանը արտաքին քաղաքական գերատեսչության համակարգում աշխատանքի է անցել 1991թ-ից։ 1994-2000թթ․ նա եղել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կառույցներում` Արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, 1997-1998թթ եղել է Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում ՀՀ ներկայացուցչության գործերի հավատարմատար,2016-2018թթ եղել է Լիբանանում, իսկ 2018-2023թթ՝ Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։