Նոյեմբերի 19-20-ին «ստնտուկ» բառի նկատմամբ Google-ում որոնողական հետաքրքրությունը կտրուկ աճել է՝ նախորդ 24 ժամվա և նախորդ շաբաթվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է Factor.am-ը:
Ամեն ինչ սկսվել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն այնպես, ինչպես պատժվում են ծնողներին չլսող և ձեռքից գնացած երեխաները՝ «ականջները պետք է քաշել»։ Նաև մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման ստնտուկները պետք է պատժվեն COP-ի վրա 30 միլիոն դոլար և Ակադեմիական քաղաքի վրա 20 միլիոն դոլար դուրս գրելու՝ իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար»,-գրել է նա։
Նարեկ Կարապետյանը այս գրառմամբ ակնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ նրա արած արտահայտությունները։ Այդ օրը Փաշինյանը դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, որը նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն է եղել ԱԺ-ում, ասել էր․ «Դու արջ քորող ես, դու արջ քորող ես, դու ավելի վատն ես, դու կոստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու «դամաշնիկ» բռնող ես, դու ավելի վատն ես, դու ստնտու ես»։
«Ստնտու» բառը կազմված է ստինք (կուրծք, կաթնագեղձ) և տու (տալ) արմատներից։ Առաջին իմաստով նշանակում է իր կաթով երեխա կերակրող կին կամ ծծմայր, իսկ փոխաբերական իմաստով՝ սնող, խնամող կամ դաստիարակող (օրինակ՝ մայրենի լեզուն մեր հոգու ստնտուն է)։ Իսկ «ստնտուկ» բառ գրական հայերենում գոյություն չունի։
Նարեկ Կարապետյանի օգտագործած «նոր բառը» մեծ արձագանք է գտել համացանցում, դարձել է մեմերի և երգիծանքի առարկա։ Դրան ակտիվ անդրադառնում են նաև ՔՊ-ականները՝ Փաշինյանի գլխավորությամբ։
Նոյեմբերի 19-ի երեկոյան վարչապետը գրել է․ «Բարի գիշեր բոլոր ստնտուկներին»։ Իսկ առավոտյան ակնարկել է նաև «Ուժեղ Հայաստանի» և «Հայաստան» դաշինքի առաջնորդներ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ելույթների ընթացքում թույլ տրված լեզվական սխալները․ «Հանո՛ւն հաղթարշարի, զգույշ եղեք արծակախնդիրներից և ստնտուկների դեղորյաքից»։
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Կարապետյանն իր տան բակում հավաքվածներին դիմելով «հաղթարշավ» բառ արտասանելու մի քանի անհաջող փորձ էր կատարել և փոխարենը ասել «հաղթարշար», իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ «արծակախնդրություն» էր ասել «արկածախնդրություն» բառի փոխարեն։ Քարոզարշավի ընթացքում «դեղորայք» բառը սխալ էր արտասանել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ուշագրավ է, որ Կարապետյանը գրառումը չի խմբագրել և չի ուղղել վրիպակը։ Ավելին, նա նոյեմբերի 20-ին նոր գրառում է արել ռուսական հեռուստատեսային «Հրաշքների դաշտ» հեռուստանախագծի հաղորդավարի փոփոխված նկարով և գրառմամբ․ «Ինչպե՞ս անվանել փոքրիկ, չարաճճի ստնտուին – 6 տառ»:
Լուսանկարը՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։





