Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ՝ վերահաստատելով երկրի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Վեհափառը շնորհավորել է Աունին Լիբանանի անկախության տոնի կապակցությամբ։
Նախագահի հետ հանդիպման ընթացքում Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Ժոզեֆ Աունին՝ բարձր գնահատելով Լիբանանում ազգային համերաշխության ամրապնդման, ներքին խաղաղության պահպանման, տնտեսական զարգացման խթանման, ինչպես նաև երկրի անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ նրա շարունակական ջանքերը, հայտնում է կաթողիկոսությունը:
Վեհափառ Հայրապետը հատուկ կարևորել է Լիբանանի տարածքային ամբողջականության, պետական ինքնիշխանության և անկախության անխախտ պահպանման անհրաժեշտությունը։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը պետք է դուրս բերի իր ուժերը Հարավային Լիբանանի բռնագրավված տարածքներից։
Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և աշխարհասփյուռ հայկական համայնքների պատրաստակամությունը՝ աջակցելու Լիբանանի պետականության ամրապնդմանը։
Իր հերթին Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի նշանակալի ավանդը երկրի հասարակական կյանքում։ Նախագահն ընդգծել է, որ հայ համայնքը Լիբանանի հասարակության անբաժանելի մասն է և իր ակտիվ մասնակցությամբ կարևոր ներդրում ունի պետության զարգացման, առաջընթացի ու բարգավաճման գործում։
Հանդիպման ավարտին Արամ Ա Կաթողիկոսը նախագահ Ժոզեֆ Աունին հրավիրել է մասնակցելու Կաթողիկոսարանի նորակառույց Պեզիքյան համագումարների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը։ Կենտրոնի շինարարական աշխատանքները վերջերս ավարտվել են։





