Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ջեյհուն Բայրամովը գերմանացի գործընկերոջը տեղեկություններ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում «վերականգնողական աշխատանքների, ականային վտանգով պայմանավորված խնդիրների վերաբերյալ», հայտնում է Minval.az-ը:
Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության հարցերին։
Նրանք ընդգծել են, որ 2026 թվականի հուլիսին Ադրբեջանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի ընդունումը բարենպաստ հիմք է ստեղծել հարաբերությունների հետագա ամրապնդման համար։
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը կայցելի նաև Հայաստան:
Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ: Նշվում է, որ համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։





