AM
23 Նոյեմբեր 2026 - 11:32 AMT

ԱՄՆ պաշտոնյա. TRIPP-ը կնպաստի ՀՀ-ի և Ադրբեջանի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կարևորել է TRIPP նախագծի դերը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման գործում։

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ «միջանցքի ամբողջական գործարկումը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնմանը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանների միջև», գրում է APA-ն:

Ալիևը 2026 թվականը բնորոշել է որպես ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար պատմական նշանակություն ունեցող ժամանակաշրջան՝ կարևորելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն Ադրբեջան, որի ընթացքում երկու երկրների կառավարությունները ստորագրել են «Ռազմավարական գործընկերության մասին խարտիան»։

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կազմակերպված գագաթնաժողովին՝ Ալիևը նշել է, որ տարածաշրջանում ձևավորվել է «նոր իրադրություն, և արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ կողմերն ապրում են խաղաղության պայմաններում»։

Իր հերթին ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումների առնչությամբ։

2025-ի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։