AM
23 Նոյեմբեր 2026 - 12:15 AMT

Պետրոսյան․ ՀՀ էներգահամակարգի ինտեգրումը հարևան երկրների հետ ՀԷՑ-ի գործընթացների հետ կապելը մանիպուլյացիա է

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՀ էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

Պետրոսյանը պարզաբանել է, որ Էներգահամակարգերի միջպետական ինտեգրացիան կամ փոխկապակցումը, ինչի մասին վերջին օրերին խոսել է ՀՀ վարչապետը, երկու կամ ավելի երկրների էլեկտրաէներգետիկ ցանցերի միավորումն է՝ միասնական էլեկտրաէներգետիկ շուկա և տարածաշրջանային ենթակառուցվածք ձևավորելու նպատակով։

«Նմանատիպ նախագծերի հիմնական նպատակն է էներգետիկ անվտանգության և էլեկտրամատակարարումների հուսալիության բարձրացումը։

Էներգահամակարգում տեխնիկական վթարների կամ սպառման բեռի պիկային ծանրաբեռնվածության դեպքում համակարգերն ինտեգրած երկրները կարող են արագ փոխլրացնել միմյանց՝ կանխելով հոսանքազրկումները։ Այն հնարավորություն է տալիս ռեալ ժամանակամիջոցում արտահանել էլեկտրաէներգիայի առկա ավելցուկը և ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա՝ նվազեցնելով պահուստային հզորությունների պահպանման համար անհրաժեշտ ծախսերը։

ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման միտումներն այնպիսին են, որ օրվա պիկին արևային ինքավար (շուրջ 60.000 հատ) և արդյունաբերական էներգաարտադրողները (ավելի քան 100 կայան) միասին արտադրում են մոտ 1400 ՄԳտ/ժամ էլեկտրաէներգիա. դա այն դեպքում, երբ օրինակ նոյեմբերի 10-ին՝ բավականին ցուրտ օրը, ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման բեռը կազմել է գրեթե նույն այդ թիվը՝ 1396 ՄՎտ/ժամ, ինչը զգալիորեն բարձր է վերջին տարիների՝ այս օրերի միջին օրական ցուցանիշից։

Իսկ քանի որ էներգահամակարգում ունենք նաև ՀԱԷԿ, մի քանի խոշոր ՋԷԿ-եր, մի քանի տասնյակ փոքր ու միջին ՀԷԿ-եր, ապա արևային օրվա պիկին ՀՀ-ում ունենում ենք արտադրված էլեկտրաէներգիայի ահռելի ավելցուկ, իսկ արևը մայր մտնելուց հետո վերջին շրջանում սպառման բեռի կտրուկ ավելացման պարագայում, ցուրտ օրերին արդեն որոշակի կարիք է առաջանում լրացուցիչ քանակի էլեկտրաէներգիայի ներմուծման (Վրաստանից կամ Իրանից)։

Վերականգվող էներգետիկայի զարգացման ընթացիկ տեմպերի դեպքում տեխնոլոգիական անհրաժեշտ ու պահանջված լուծում է կուտակիչ կայանների կիրառումը էներգահամակարգում, ինչի կարգավորումների ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տանում ՀԾԿՀ-ն և ՏԿԵՆ-ը, սակայն անկախ այդ ենթակառուցվածքի ներդրումային ծավալներից և իրականացման հնարավոր ժամկետներից, տարածաշրջանում էլեկտրաէներգետիկական ցանցերի ինտեգրումն այլընտրանք չունի. դա բխում է նաև մեր «Խաղաղության օրակարգի» TRIPP նախագծի տրամաբանությունից։

Փաստ է, որ մեր էներգահամակարգն արդեն իսկ ինտեգրված է բարեկամ Իրանի («էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագրով) և Վրաստանի Հանրապետության համակարգերին, որոնց թողունակության ավելացման ուղղությամբ այժմ ինտենսիվ աշխատանքներ են տարվում։

Եվ վերջում. էներգահամակարգերի միջպետական ինտեգրացիան իրականացվում է բացառապես Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների միջոցով, ինչը մեր երկրում պատկանում է պետությանը և կառավարվում է 100% պետական սեփականության «Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ կողմից։

Հ.Գ. Մեր էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ևս ինտեգրելու նախագծերը որևէ կերպ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող՝ բացառապես իրավական-հակաճգնաժամային գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը ոչ այլ ինչ են, քան պարզունակ մանիպուլյացիա և մեր ժողովրդի հույզերի հետ խաղալու անհաջող ջղաձգում»,- գրել է Պետրոսյանը։

Նոյեմբերի 21-ին «ԴիջիԹեք 2026»-ի շրջանակում քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կապակցելու է իր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական ցանցերի հետ՝ նշելով, որ էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի կարևոր մասն են։