Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս-պատրիարք Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ն իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորներին։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի հայկական եկեղեցին։
«Մեզ միավորում են նույն հավատքը և քրիստոնեական եղբայրության դարավոր կապերը: Այս դժվարին պահին մենք աղոթում և զորակցում ենք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին»,-ասել է կաթողիկոս-պատրիարքը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նոյեմբերի 21-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Մալանկարայի եկեղեցու առաջնորդն իր պատվիրակության անդամների հետ այցելել է տեղի հայկական եկեղեցական համալիր։
Պատվիրակությանը Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ մայր տաճարում ընդունել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Այցի ընթացքում հոգևորականները միասին աղոթք են կատարել, որից հետո հյուրերը ծանոթացել են եկեղեցական համալիրում գործող «Տապան» թանգարանին։
Հանդիպման ժամանակ Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ափսոսանք է արտահայտել այն առնչությամբ, որ հնարավորություն չունի անձամբ հանդիպելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նա այդ հանգամանքը պայմանավորել է Հայաստանի իշխանությունների կողմից Վեհափառ հայրապետի արտասահման մեկնելու նկատմամբ սահմանված արգելքով՝ այն գնահատելով որպես անհիմն սահմանափակում։
Կաթողիկոս-պատրիարքը նաև իր անհանգստությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ հետագայում պայմաններ կստեղծվեն Գարեգին Բ-ի հետ անմիջական հանդիպում ունենալու համար։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին կարևորել է Մալանկարայի եկեղեցու պատվիրակության այցը՝ այն բնութագրելով որպես արևելյան քրիստոնեական երկու հնագույն եկեղեցիների հոգևոր միասնությունն ու եղբայրական հարաբերություններն արտահայտող իրադարձություն։
Փետրվարի 14-ին տեղեկություն է հրապարակվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման Սարոյանին առնչվող դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի հետ։ Քրեական հետապնդման շրջանակում սահմանափակվել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը։





