AM
23 Նոյեմբեր 2026 - 17:21 AMT

ՊԵԿ նախկին պաշտոնյայից կբռնագանձվի 10 անշարժ գույք, մոտ 900 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Հենրիկի Գասպարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 10 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 666 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

236 միլիոն 247 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։