AM
24 Նոյեմբեր 2026 - 11:19 AMT

Իշխան Սաղաթելյան․ Մեր պատասխանը հստակ է՝ ոչ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար, ուստի խմբակցությանը պատասխանը հստակ է՝ ոչ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Խորհրդարանական ընդդիմությունը, նրա խոսքով, ընդհակառակը՝ ժողովրդից ստացել է նման փոփոխություն կանխելու մանդատ։

«Փաշինյանը վաղուց կորցրել է փողոցի աջակցությունը և չունի հանրային ճնշում գործադրելու հնարավորություն։ Նրա հիմնական գործիքներն այսօր վարչական ռեսուրսն ու ուժային կառույցներն են, որոնք գործադրվում են ամբողջ ծավալով։ Նույնիսկ այդ պայմաններում խորհրդարանական ընդդիմությունից չստանալով անհրաժեշտ 6 ձայնը՝ Փաշինյանն առաջարկում է քաղաքական գործարք։

Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ։

Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում։

Ուժի, պատերազմի սպառնալիքի, վախի և ահաբեկման մթնոլորտում հանրաքվե չեն անցկացնում։

Ինչ վերաբերում է սպառնալիքին, թե համաձայնության չգալու դեպքում կգնաք արտահերթ ընտրությունների. դրան հասնելու սահմանադրական ճանապարհը մեկն է՝ խորհրդարանը լուծարելու համար դու պետք է հրաժարական տաս։ Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր»,-ասվում է գրառման մեջ:

Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այն հանրաքվեի դնելու համար պակասում է 6 ձայն: Հանրությանն ուղղված ուղերձում վարչապետը վերահաստատեց առաջարկը, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքից է կախված լինելու նաև իր քաղաքական ապագան։ Եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, նա խոստանում է անհապաղ հրաժարական տալ, իսկ «այո»-ի դեպքում՝ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին չառաջադրվել վարչապետի պաշտոնում։