AM
24 Նոյեմբեր 2026 - 12:04 AMT

46 միջազգային կազմակերպություն կոչ է արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել Ադրբեջանի հնարավոր նախագահությունը

Human Rights House Foundation-ը և քաղաքացիական հասարակության 45 միջազգային կազմակերպություն կոչ են արել ԵԱՀԿ մասնակից երկրներին արգելափակել Ադրբեջանի հնարավոր նախագահությունը կառույցում 2027-ին:

Ստորագրողների թվում է նաև Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), հայտնում է Factor.am-ը:

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, գրում ենք՝ արտահայտելու մեր վճռական ընդդիմությունը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի հնարավոր նախագահությանը և կոչ ենք անում մասնակից պետություններին կանխել նման որոշման ընդունումը։ Ադրբեջանի կառավարությունը անվտանգության, բնապահպանության կամ մարդու իրավունքների հարցերում վստահելի գործընկեր չէ և պիտանի չէ կազմակերպությունը նախագահելու համար»,- ասված է կազմակերպությունների տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ կառույցի ղեկավարումն ավտորիտար իշխանություններին վստահելը կարող է լրջորեն կասկածի տակ դնել ԵԱՀԿ-ի լեգիտիմությունն ու հեղինակությունը։ Կազմակերպության առաքելությունն անվտանգության համապարփակ մոտեցման խթանումն է, որի հիմնարար բաղադրիչներից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է։

«Քանի որ ԵԱՀԿ մասնակից պետությունները վերագնահատում են իրենց անվտանգության առաջնահերթությունները՝ ավտորիտարիզմի աճի, աշխարհաքաղաքական անկայունության և հիբրիդային սպառնալիքների պայմաններում, նրանք պետք է գիտակցեն, որ ավտորիտար պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, ավելի ու ավելի են սպառնում եվրոպական անվտանգությանը՝ ապատեղեկատվության, կոռուպցիայի, քաղաքական միջամտության, անդրսահմանային բռնաճնշումների և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելու փորձերի միջոցով։

Ուժեղ, անկախ և դիմակայուն քաղաքացիական հասարակությունը անվտանգության համապարփակ համակարգի կարևոր բաղադրիչն է։ Սակայն 2013 թվականից ի վեր Ադրբեջանը լայնածավալ ճնշումներ է իրականացնում անկախ քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ թիրախավորելով հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և մարդու իրավունքների պաշտպաններին, այդ թվում՝ լրագրողներին ու իրավապաշտպան փաստաբաններին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ 2023 թվականի վերջից ի վեր բռնաճնշումներն ավելի են ուժգնացել՝ հանգեցնելով Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գործունեության հնարավորությունների և հանրային մասնակցության լրացուցիչ սահմանափակումների։

Ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների հրապարակած տվյալների համաձայն՝ երկրի բանտերում ավելի քան 300 քաղբանտարկյալ է պահվում։ Քաղաքացիական հասարակության տասնյակ ակտիվիստներ ազատությունից զրկվել են իրենց օրինական իրավապաշտպան կամ լրագրողական գործունեության պատճառով, ներառյալ՝ երկրի սահմաններից դուրս իրականացրած աշխատանքի համար։

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի արձանագրած խնդիրներին։ Նշված կառույցներն արձանագրել են, որ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող ադրբեջանական օրենսդրությունը չի բավարարում միջազգային չափանիշների պահանջները։

Հոկտեմբերին Եվրախորհրդարանը պատգամավորների ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային անվտանգությանը վերաբերող օրենսդրության չարաշահումը։ Այդ օրենքներն օգտագործվել են հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ձայնը լռեցնելու, ինչպես նաև այլախոհների ու ընդդիմադիրների նկատմամբ երկրի սահմաններից դուրս բռնաճնշումներ գործադրելու նպատակով։

Եվրախորհրդարանի ընդունած փաստաթղթում քննադատվել են նաև քաղաքական դրդապատճառներով իրավապաշտպանների ազատազրկման շարունակվող դեպքերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրավապաշտպան Անար Մամեդլիի գործին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի հունիսին ընդունած բանաձևով արձանագրել է Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման փաստը։

Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվել անկախ լրատվամիջոցների կազմաքանդման, քաղբանտարկյալների թվի աճի վերաբերյալ տեղեկությունների, քրեական օրենսդրության չարաշահման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության գործունեության հնարավորությունները նեղացնող և հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակող օրենսդրության վրա։

Ադրբեջանը շարունակում է դասվել այն պետությունների շարքին, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների չկատարման ամենաբարձր ցուցանիշներն ունեն։ Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ սա մատնանշում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում Ադրբեջանի իշխանությունների դժկամությունը։

ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակը (RFoM) ևս դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից «լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ իրականացվող հետապնդումները»։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը պարբերաբար արձանագրել են, որ Ադրբեջանում ընտրական գործընթացները, լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության գործունեությունը կարգավորող օրենսդրությունը սահմանափակում է հիմնարար ազատությունները։ Այդ իրավական կարգավորումները չեն համապատասխանում ինչպես ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակում ստանձնած պարտավորություններին, այնպես էլ միջազգային չափանիշներին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն՝ ՄԻԵԴ-ը, իր հերթին արձանագրել է, որ Ադրբեջանում նկատվում է «կառավարության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների կամայական ձերբակալությունների ու կալանավորումների մտահոգիչ միտում՝ հաշվեհարդարի նպատակով քրեական հետապնդումների և քրեական օրենսդրության չարաշահման միջոցով, օրենքի գերակայության սկզբունքի անտեսմամբ»։

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ԵԱՀԿ մասնակից երկրներին կոչ են արել մերժել կառույցի նախագահությունը ստանձնելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների ցանկացած թեկնածություն։