Պաշտպանության նախարարությունն առաջարկել է սահմանել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների մասնակցության, նախապատրաստման ու ապահովման պայմանները։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ հանրային քննարկման նպատակով, հայտնում է Արմենպրեսը:
Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորումները համապատասխանեցնել կառավարման ներկայիս համակարգին, ինչպես նաև ապահովել բնական և տեխնածին աղետների դեպքում ստորաբաժանումների համակարգված մասնակցությունն արձագանքման աշխատանքներին։
Ինժեներասակրավորական ստորաբաժանումներին նախատեսվում է ներգրավել փլատակների տակ հայտնված տուժածների որոնման, ճանապարհների ու կամուրջների արտակարգ բացման և վերականգնման գործընթացներում։ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներին կարող են վերապահվել վտանգավոր օջախների բացահայտման, տեղայնացման ու վնասազերծման գործառույթները։
Աղետի գոտում իրավիճակի օպերատիվ գնահատման, հնարավոր վտանգների բացահայտման և որոնողափրկարարական գործողություններին օժանդակելու նպատակով նախատեսվում է կիրառել անօդաչու թռչող սարքեր ու ավիացիա։ Բժշկական ստորաբաժանումները կապահովեն առաջնային բուժօգնության տրամադրումն ու տուժածների տեղափոխումը, իսկ տրանսպորտային ստորաբաժանումները կզբաղվեն բնակչության տարհանմամբ և անհրաժեշտ բեռների փոխադրմամբ։
Նախագծով առաջարկվում է սահմանել արտակարգ իրավիճակներին աջակցող հերթապահ ստորաբաժանումներ, որոնք պարբերաբար կվերապատրաստվեն ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների հետ համատեղ։ Յուրաքանչյուր կայազորում նախատեսվում է մշակել աղետներին արձագանքման օպերատիվ պլաններ, դրանք ճշտել առնվազն տարին մեկ անգամ և անցկացնել համատեղ մարզումներ։
«Ստորաբաժանման հրամանատարը պատասխանատու է անձնակազմի կյանքի և առողջության անվտանգության համար»,- նշված է նախագծում։
Աշխատանքների ավարտից հետո ստորաբաժանումները համապատասխան մարմնի ղեկավարի կարգադրությամբ կվերադառնան մշտական տեղակայման վայրեր։





