AM
24 Նոյեմբեր 2026 - 14:13 AMT

ՀՀ-ն մտադիր է 2027-ին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման 1-ին փուլը

Հայաստանը նախատեսում է 2027-ին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլը և շարունակել երկրորդ փուլի իրականացումը։ Այդ մասին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել է Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է ՆԳ նախարարության հետ հաստատված արդյունավետ գործակցությունը։ Նա առանձնահատուկ ընդգծել է վիզաների ազատականացման հարցով հայկական կողմի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի հետևողական աշխատանքն ընդհանուր օրակարգի առաջխաղացման ուղղությամբ։

Անդրադառնալով գործողությունների ծրագրի իրականացմանը՝ ՆԳ նախարարն ամփոփել է չորս հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները, ներկայացրել ձեռքբերումներն ու հետագա առաջնահերթությունները։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում լիարժեք գործարկվել է նոր կենսաչափական համակարգը։ Նրա գնահատմամբ՝ համակարգի ներդրումը կարևոր նշանակություն ունի քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավման համար։

ԵՄ անդամ պետությունների դեսպանները հետաքրքրվել են նաև սահմանների համալիր կառավարման ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ և մոտեցումներով։

Պատասխանելով դիվանագիտական ներկայացուցիչների հարցերին՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումներին և վիզաների ազատականացման շրջանակում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարմանը։

Հանդիպման ընթացքում ԵՄ անդամ երկրների դեսպանները ողջունել են Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ուղղությամբ արձանագրված առաջընթացը՝ ևս մեկ անգամ հաստատելով Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը։

Ավե։ի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չի հաստատել, որ ԵՄ և Հայաստանի միջև մինչև 2029 թվականը առանց վիզայի ռեժիմ է սահմանվելու՝ նշելով, որ դեռ վաղ է որևէ ժամկետ կանխատեսել: Մինչդեռ հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում։