AM
24 Նոյեմբեր 2026 - 16:40 AMT

Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու մեջ

Բյուրականի նախկին համայնքապետի և նրա տեղակալի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ 2012-2021 թվականներին Բյուրական համայնքը ղեկավարած պաշտոնատար անձն իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ քաղաքացուց 3 մլն դրամ կաշառք է պահանջել և ստացել՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքն ապօրինի ճանաչելու համար։

Քննությամբ տեղեկություններ են ձեռք բերվել նաև նախկին համայնքապետի կողմից նույն քաղաքացու նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու և 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում նրա ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու վերաբերյալ։

Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարի նախկին տեղակալին։ Վարույթի նյութերը փոխանցվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։