AM
25 Նոյեմբեր 2026 - 11:48 AMT

Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավը Լոնդոնում վաճառվել է 1․3 մլն եվրոյով

Մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» կտավը Լոնդոնում կայացած Sotheby’s աճուրդում վաճառվել է 1․08 միլիոն ֆունտ ստեռլինգով կամ 1․3 միլիոն եվրոյով։

Աճուրդի տան պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ստեղծագործության նախնական արժեքը գնահատվել է 500-700 հազար ֆունտ ստեռլինգ, գրում է Deutsche Welle-ն:

Այվազովսկին «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» կտավը ստեղծել է 1862 թվականին։ Նկարի ենթաշրջանակի վրա պահպանված մոմե կնիքի հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ այն ժամանակին մաքսային ստուգում է անցել Տրիեստում, որն այդ ժամանակ Ավստրիական կայսրության կազմում է եղել։

«Հնարավոր է՝ կտավը նավով նկարչի հայրենի քաղաքից՝ Թեոդոսիայից, ուղարկվել է Տրիեստ, իսկ այնտեղից՝ Եվրոպա՝ ցուցահանդեսի մասնակցելու համար»,- նշված է Sotheby’s-ի կայքում։

Էստոնացի հավաքորդն ու հնաոճ իրերի վաճառականը Այվազովսկու ստեղծագործությունը ձեռք է բերել Սանկտ Պետերբուրգում՝ 19-րդ դարի վերջին։ Դրանից հետո կտավն ավելի քան մեկ դար պահպանվել է միևնույն ընտանիքում։

Աճուրդի տան հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նկարը Ռուսաստանից դուրս է բերվել այն ժամանակ, երբ ընտանիքը վերադարձել է Էստոնիա՝ խուսափելով բոլշևիկյան հեղափոխությանը հաջորդած ցնցումներից և քաղաքացիական պատերազմից։

Sotheby’s-ում ընդգծել են, որ Այվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» կտավն առաջին անգամ է ներկայացվել աճուրդի։