Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Տոնոյանը կրկին մեղադրյալի աթոռին է հայտնվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հայտնում է Factor.am-ը:
Նույն քրեական գործով մեղադրյալ է նաև ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Նորայր Յոլչյանը։
«Յոլչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը, օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»,- նշվում է մեղադրականում։
Երկու բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը՝ գրավի հետ համակցված։
Քրեական գործը դատարան է մուտքագրվել նոյեմբերի 24-ին և նույն օրը մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։
Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքի մասին ավելի վաղ տեղեկություններ է հրապարակել լրագրող Քնար Մանուկյանը՝ ներկայացնելով նաև Նորայր Յոլչյանի վերաբերյալ որոշ մանրամասներ։
«Նորայր Յոլչյանը «Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկն էր և 2020 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն էր ստացել։ Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ»,- գրել է լրագրողը։
Դավիթ Տոնոյանն ամբաստանյալի կարգավիճակ ունի նաև մեկ այլ քրեական գործով։ 2018 թվականից մինչև 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանության նախարարությունը ղեկավարած Տոնոյանն ու զինված ուժերին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլարի հափշտակության, կեղծիքների և հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ 2018 թվականին զինված ուժերի կարիքների համար գնվել է ավելի քան 4200 ժամկետանց և տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռ, որոնք պատերազմի ժամանակ կիրառել հնարավոր չի եղել։ Ըստ մեղադրանքի՝ այդ գործարքի արդյունքում պետությանը միլիոնավոր դոլարների վնաս է պատճառվել։
Քրեական գործով դատական նիստերն անցկացվում են լրագրողների համար փակ ռեժիմով։ Պաշտպանական կողմը դատավարության ամբողջ ընթացքում պահանջել է ապահովել քննության հրապարակայնությունը՝ պնդելով, որ գործի նյութերը պետական գաղտնիք չեն պարունակում։
Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել է ընդամենը մեկ անգամ, ինչի արդյունքում դատական նիստը մեկ ժամ անցկացվել է դռնբաց ձևաչափով։





