AM
25 Նոյեմբեր 2026 - 17:25 AMT

Փոխնախարար․ Սահմանադրությունը փոխվում է նաև վարչապետի իշխանությունն ապահովելու համար

Սահմանադրությունը փոխվում է նաև վարչապետի իշխանությունն ապահովելու համար, հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս խնդիրը դրվել է հեղափոխությունից հետո, հայտնում է Sputnik Արմենիան:

«2018 թվականից հետո դրվել է խնդիր՝ ունենալ նոր Սահմանադրություն, որը կկարողանա բալանսավորել իշխանության ուժերը, կարողանա ապահովել, որ վարչապետի իշխանությունը լինի փաստացի այն իշխանությունը, որը հեղափոխությունը պետք է կարողանար ապահովել»,- ասել է Կարապետյանը։

Միաժամանակ արդարադատության փոխնախարարը շեշտել է, որ սահմանադրական նոր նախագիծը դեռ պետք է հանրային լայն քննարկումների ներկայացվի։

Հրապարակված նախագծով նախատեսվում է զինված ուժերի կառավարման ոլորտում վարչապետին ավելի լայն լիազորություններ վերապահել, վերանայել վարչապետի թեկնածուի նկատմամբ սահմանված պահանջները և իջեցնել Հանրապետության նախագահի թեկնածուի համար նախատեսված տարիքային նվազագույն շեմը։ Նախորդ սահմանադրական փոփոխություններից հետո քննադատության արժանացած վարչապետի լայն լիազորությունները, առաջարկվող կարգավորումների համաձայն, մեծ մասամբ պահպանվում են։ Միաժամանակ նախատեսվում է մեծացնել կառավարության ղեկավարի իրավասությունները զինված ուժերի կառավարման հարցերում։

Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածով սահմանված է, որ վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատարի կարգավիճակ ունի բացառապես պատերազմի ժամանակ։ Առաջարկվող նախագծի 57-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության ղեկավարը զինված ուժերի գերագույն հրամանատարի գործառույթներն իրականացնելու է պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ երկրում ստեղծված իրավիճակից։ Վերանայվում է նաև զինված ուժերի անհետաձգելի կիրառման ընթացակարգը։ Գործող սահմանադրական կարգավորմամբ վարչապետը կարող է համապատասխան որոշում ընդունել պաշտպանության նախարարի առաջարկության հիման վրա, իսկ նոր նախագծով առաջարկվում է վերացնել այդ նախապայմանը։

Նոյեմբերի 23–ին հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում՝ 4-րդ հանրապետությունը։