AM
25 Նոյեմբեր 2026 - 16:06 AMT

Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվել է

Քրեական հետապնդման մեկնարկից մոտ 7․5 տարի անց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվել է։ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել Գլխավոր դատախազության՝ Սանասարյանի արդարացման դատավճռի դեմ բերված բողոքը։

2025 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռ է կայացրել Սանասարյանի գործով, հայտնում է Factor.am-ը:

Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, սակայն 2026 թվականի հուլիսին վերաքննիչ ատյանն անփոփոխ է թողել այն։ Աննա Վարդապետյանի գլխավորած գերատեսչությունն այնուհետև դիմել է Վճռաբեկ դատարան, որը, սակայն, հրաժարվել է վարույթ ընդունել ներկայացված բողոքը։ Այսպիսով՝ դատական երեք ատյաններից որևէ մեկում Սանասարյանը մեղավոր չի ճանաչվել։

ՊՎԾ նախկին ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

«Մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Սամվել Ադյանի հետ և նախապես տեղյակ լինելով, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցում է տարբեր գնման ընթացակարգերի և ստանում շահույթ, Սանասարյանն անտեսել է օրենքով սահմանված արգելքը, Ադյանին աշխատանքի է ընդունել ու նշանակել ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ապա Ադյանի միջնորդությամբ նույն վարչությունում որպես գլխավոր մասնագետ աշխատանքի է ընդունել Գևորգ Խաչատրյանին»,- նշվում է մեղադրանքում։

Մեղադրող կողմի պնդմամբ՝ 2018-2019 թվականներին Ադյանն ու Խաչատրյանն ապօրինի միջամտություններ են կատարել ՊՎԾ վերահսկողության ներքո գտնվող Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացներին։

Ըստ մեղադրանքի՝ նրանք պարտադրել են փոփոխություններ կատարել ձեռք բերվող ապրանքների տեխնիկական բնութագրերում և սահմանել նոր պահանջներ, որոնք չեն համապատասխանել բուժհաստատությունների իրական կարիքներին ու սարքավորումների շահագործման փաստաթղթերին։

Մեղադրող կողմը պնդել է, որ այդ գործողություններով Ադյանն ու Խաչատրյանը փորձել են հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաղթանակը։

Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ են ունեցել նաև Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի ղեկավար Տարոն Ավետիսյանը։ Գործի քննության ընթացքում նրանք համաձայնություն են տվել իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Նշված հիմքով քրեական հետապնդման դադարեցումը չի համարվում արդարացնող։

Դավիթ Սանասարյանը, ի տարբերություն մյուս մեղադրյալների, չի ընդունել առաջադրված մեղադրանքը և պնդել է, որ հետամուտ է լինելու արդարացման դատավճռի կայացմանը՝ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը գնահատելով որպես հաշվեհարդար։

«Սա Թորոսյան-Վանեցյան համագործակցության արդյունքում է տեղի ունեցել»,- հայտարարել էր Սանասարյանը։

Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդման մեկնարկի ժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարել է Արթուր Վանեցյանը, իսկ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Արսեն Թորոսյանը։

Խոսելով Թորոսյանի հնարավոր շարժառիթների մասին՝ ՊՎԾ նախկին ղեկավարը նշել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստվում էր ստուգումներ իրականացնել Առողջապահության նախարարությունում։

Շուրջ երկու ամիս առաջ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են նրա նախկին հայտարարությունն այն մասին, որ անմեղ ճանաչվելու դեպքում Սանասարյանը կվերականգնվի պաշտոնում։

Անդրադառնալով ՊՎԾ նախկին ղեկավարի վերանշանակման հնարավորությանը՝ կառավարության ղեկավարը պատասխանել է.

«Սանասարյանի մասով կնայենք։ Ճիշտն ասած, ես հիմա չեմ արձագանքում։ Նախկինում իմ արած հայտարարությունները նորից նայելու անհրաժեշտություն ունեն, որովհետև երբեմն ինձ թվում է՝ ինչ-որ բան ընենց եմ ասել կամ ընենց չեմ ասել, հետո պարզվում է, որ իրոք ընենց եմ ասել։ Կնայեմ՝ ինչ եմ ասել, կվերադառնանք թեմային»,- նշել էր վարչապետը։

Քրեական գործը հարուցվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Այդ ժամանակ կառույցը ղեկավարող Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Սանասարյանի գործին, հայտարարել էր․ «Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է ցուցմունքներով, առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, այնտեղ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործով»։

Առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննությունը շարունակվել է ավելի քան հինգուկես տարի։ Հատկանշական է, որ իր նկատմամբ քրեական հետապնդման մեկնարկից հետո Դավիթ Սանասարյանը սեփական նախաձեռնությամբ հրաժարական է ներկայացրել՝ թողնելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։