AM
26 Նոյեմբեր 2026 - 11:24 AMT

Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքը վերաբերում է 2020թ. զինված ուժերի համար զրահաբաճկոնների բալիստիկ ներդիրներ ընդունելու մասին որոշմանը, որը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։

Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից նշանակված համալիր փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ նշված ներդիրներն ապահովում են զինծառայողների կենսական նշանակություն ունեցող օրգանների պաշտպանությունը, հայտնում է Panorama.am-ը:

Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական թիմը հայտնել է, որ Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Փաստաբանների համոզմամբ՝ քրեական գործի նյութերը ոչ միայն չեն հաստատում մեղադրանքի հիմնավորվածությունը, այլև հակառակի մասին են վկայում։ Պաշտպանական կողմը վստահ է, որ դա կհիմնավորվի դատաքննության ընթացքում՝ ապացույցների հրապարակային ուսումնասիրության միջոցով։

«Դավիթ Տոնոյանին ներկայացված մեղադրանքի անհիմնության մեջ դույզն-ինչ կասկածող բոլոր անձանց հրավիրում ենք Հակակոռուպցիոն դատարան՝ դատական նիստերին ներկա գտնվելու»,-ասվում է փաստաբանական թիմի հայտարարության մեջ: