Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու տարածաշրջանային հաղորդակցության ծրագրերը։
Նոյեմբերի 25-ին դիվանագիտական ներկայացուցչությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Bossuet Éloquence և Rotaract Club Paris Balard երիտասարդական միությունների անդամները։ Նրանք ուսանում են Ֆրանսիայի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Պանթեոն-Ասասի (Université Paris-Panthéon-Assas), Փարիզ-Սակլեի (Université Paris-Saclay) և Փարիզ-Սիտեի (Université Paris-Cité) համալսարաններում։
Հանդիպման ընթացքում Արման Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, հարևան պետությունների հետ հարաբերություններին և հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերությանը։
Դիվանագետը ներկայացրել է նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով գործադրվող ջանքերը։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանն արձագանքել է ուսանողներին հետաքրքրող հարցերին։





