AM
26 Նոյեմբեր 2026 - 11:35 AMT

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ մասնակցելու նոյեմբերի 26-27-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում նախատեսված երկկողմ քննարկումներին։

Ըստ «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության, հայաստանյան և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ լայնածավալ քննարկումները կանցկացվեն կլոր սեղանի ձևաչափով, հայտնում է Արմենպրեսը:

Հանդիպման օրակարգում ընդգրկվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանն ուղղված նախաձեռնություններին վերաբերող հարցեր։

Մասնակիցները կքննարկեն նաև երկու երկրների հանրությունների միջև փոխադարձ վստահության հաստատմանն ու խորացմանը միտված միջոցառումները, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության զարգացման, առևտրային կապերի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունները։

Քննարկումների ընթացքում անդրադարձ կկատարվի նաև մարդասիրական խնդիրներին, երիտասարդների հետ աշխատանքի և կրթության ոլորտներին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև անմիջական և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։

Քննարկումներին մասնակցելու նպատակով ադրբեջանական պատվիրակության անդամները Հայաստան են մուտք գործել երկու երկրների ցամաքային սահմանի սահմանազատված ու սահմանագծված հատվածով։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը Հայաստան էր այցելել նաև 2026 թվականի փետրվարի 13-ին։ Այդ ժամանակ ևս պատվիրակությունը հատել է հայ-ադրբեջանական ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածը։