AM
26 Նոյեմբեր 2026 - 16:22 AMT

Փաշինյան․ Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտվածի քաղաքացիությունը պահենք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ դեպքերում է անհրաժեշտ նոր Սահմանադրությամբ նախատեսել անձին քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը։ Վարչապետը թեմային անդրադարձել է լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Արմենպրեսը:

«Երկքաղաքացիություն ունեցող անձը, որը դատապարտվել է լրտեսության համար, ինչու պետք է մենք նրա քաղաքացիությունը պահենք, նրան էլ տանք քաղաքացիական իրավունքներ: Պետությունն իրեն պաշտպանելու հնարավորություն պետք է ունենա: Ինչո՞ւ պետք է դատարանը նրան քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»,- ասել է վարչապետը:

Նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը։ Առաջարկվող կարգավորման համաձայն՝ անձին ՀՀ քաղաքացիությունից հնարավոր կլինի զրկել բացառապես դատարանի որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված դեպքերում, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու հիմքով։ Դա կվերաբերի ոչ միայն երկքաղաքացիություն ունեցողներին, այլև բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողներին: