AM
26 Նոյեմբեր 2026 - 16:42 AMT

Աշխաբադում քննարկվել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։ Նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Գուվանչ Ագաջանովը։

Քննարկվել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Դավիթ Խուդաթյանն իր ելույթում միջկառավարական հանձնաժողովը բնորոշել է որպես հայ-թուրքմենական տնտեսական գործընկերության զարգացման առանցքային մեխանիզմներից մեկը։ Նախարարի գնահատմամբ՝ հանձնաժողովի գործունեությունը հնարավորություն է ընձեռում ինչպես անդրադառնալու ընթացիկ խնդիրներին, այնպես էլ հանդես գալու նոր նախաձեռնություններով և նպաստելու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրագործմանը։

ՏԿԵ նախարարն ընդգծել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամության ու փոխադարձ վստահության վրա խարսխված հարաբերությունների հետագա ամրապնդման կարևորությունը։ Խուդաթյանն առանձնացրել է երկկողմ գործընկերության զարգացման զգալի ներուժն էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության ու մի շարք այլ բնագավառներում։

«Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Թուրքմենստանի հետ՝ ուղղված փոխադարձ շահերի վրա հիմնված նոր ծրագրերի իրականացմանը և մեր երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը»,- նշել է Դավիթ Խուդաթյանը։

Միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստն ամփոփվել է նիստի արձանագրության և մի շարք այլ փաստաթղթերի ստորագրման արարողությամբ։