AM
26 Նոյեմբեր 2026 - 17:29 AMT

Պապոյան․ Եվրասիական դատարանից կարծիք կխնդրենք հայկական ապրանքների սահմանափակման մասով

Հայաստանը մտադիր է դիմել Եվրասիական տնտեսական միության դատարան՝ հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների վերաբերյալ իրավական կարծիք ստանալու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ նշված հարցի քննարկմանը նվիրված նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 1, հայտնում է «Ազատությունը»:

Դեռևս սեպտեմբերին պաշտոնական Երևանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ առաջարկելով ԵԱՏՄ տարածքում հայկական ծագման ապրանքների տեղափոխման նկատմամբ կիրառվող սահմանափակումները ճանաչել որպես «առևտրային խոչընդոտ» (բարիեր)։ Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար նախատեսված նիստը, սակայն, արդեն երկու անգամ հետաձգվել է:

Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ՝ հայկական կողմը փոխել է իր մարտավարությունը և այժմ նախատեսում է հարցի վերաբերյալ իրավական կարծիք ստանալու համար դիմել Եվրասիական դատարան։

«Այնտեղ կա երկու մեխանիզմ, երբ դիմում ես դատարան որպես բողոք և որպես կարծիք, որը կսպասարկի այդ պրոցեսին», – ասել է նա:

Հարցին, թե արդյոք դատարանի կարծիքը կներկայացվի ԵԱՏՄ կոլեգիայի նիստում, Պապոյանը պատասխանել է. «Անպայման, այն կուժեղացնի մեր որոշումը»:

Էկոնոմիկայի նախարարը չի հստակեցրել դատարան դիմելու ժամկետները՝ տեղեկացնելով միայն, որ ներկայում ընթանում են անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կոլեգիայի նիստի հետաձգումը պայմանավորված է եղել հայկական կողմի նախաձեռնությամբ՝ Պապոյանը պարզաբանել է.«Որպեսզի նիստին որոշումը անցնի մեզ պետք է 10-ից 7 ձայն, մենք ունենք 10-ից 6 ձայն, հիմա նիստը անենք, 6 կողմ, 4 դեմ, չի անցնելու: Լրացուցիչ գործիք ենք փորձում բերել, որը կլինի դատարանի կարծիքը: Դա կուժեղացնի մեր կարծիքը»:

Նախարարը, այդուհանդերձ, չի բացահայտել, թե որ երկրներն են դեմ արտահայտվում հայկական կողմի առաջարկին։

«Եթե ասում եմ՝ չենք դնում քվեարկության, դա նշանակում է, որ այս պահին Հայաստանի շահը դա է պահանջում», – ընդգծել է նախարարը:

Տարեսկզբից ռուսական կողմն արգելել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի, ձկնամթերքի, ծաղիկների, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային մի շարք խմիչքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով։ Միաժամանակ Մոսկվան Երևանից պահանջել է հանրաքվե կազմակերպել՝ Եվրոպական և Եվրասիական միությունների միջև ընտրություն կատարելու համար։

Հայկական կողմն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միության շրջանակում առկա գործիքակազմի կիրառմամբ կհասնի Ռուսաստանի սահմանած սահմանափակումների վերացմանը։ Գևորգ Պապոյանն այս ամսվա սկզբին ասել էր, որ Հայաստանի համար անբարենպաստ որոշման ընդունումը վտանգավոր նախադեպ կդառնա ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար։

Դեկտեմբերի 11-12-ին նախատեսվում է անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ անդամ երկրների վարչապետերի մասնակցությամբ։ Տարվա վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան նաև ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների առաջնորդների ամենամյա հանդիպումները։

Սպասվում է, որ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվի նաև Հայաստանի անդամակցության հարցը։ Նման մտադրության մասին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները հայտարարել են դեռևս գարնանը։ Պաշտոնական Երևանը, սակայն, շարունակում է պնդել, որ ԵԱՏՄ-ում անդամ պետությանը միությունից հեռացնելու մեխանիզմ նախատեսված չէ։