«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի երկու շահառուի մահվան դեպքերի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտնում է Sputnik Արմենիան:
2026 թվականի նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նամակում նշված է եղել, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու շահառուի մահվան դեպք, կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները։
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը»,– ասված է հաղորդագրությունում:
Արարատի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հոդվածը վերաբերում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում հայտնված և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելուն։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանն անդրադարձել է Խարբերդի մասնագիտացված մանկատան երկու շահառուի մահվան դեպքերին՝ ընդգծելով հաստատությունում ծայրահեղ ծանր հիվանդություններով խնամվողների առկայությունը։
Նա վստահեցրել է, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող շահառուներին տրամադրվում են ինչպես առողջապահական, այնպես էլ անհրաժեշտ այլ ծառայություններ։
Նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ ինչպես Խարբերդի մանկատանը, այնպես էլ խնամքի մյուս հաստատություններում հաճախ լինում են առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող շահառուներ։
«Ունենում ենք ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող խնամվողներ, ցավոք, ունենում ենք մահվան դեպքեր։ Այդ դեպքերի մասին սահմանված ընթացակարգով և ժամկետներում պատշաճ կերպով համապատասխան մարմինները ծանուցվում են, ինչպես՝ այս դեպքում»,- ասել է Կոստանյանը։
Նախարարի խոսնակը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ ապրիլին արձանագրված դեպքերի մասին խոսվում է միայն նոյեմբերին։ Նա վերահաստատել է, որ հաստատության բոլոր շահառուներն ապահովված են առողջապահական և համապատասխան այլ ծառայություններով, սակայն, ցավոք, արձանագրվում են նաև մահվան դեպքեր։





