AM
27 Նոյեմբեր 2026 - 10:15 AMT

Զախարովա. TRIPP-ի իրականացման նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի տարածքում TRIPP-ի իրականացման նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։

«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ նախագծի իրականացման ընթացքում չանտեսվեն ՌԴ-ի և Իրանի շահերը։ Այս նախագիծը չպետք է տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծի։ Հակառակ դեպքում տրանսպորտային և լոգիստիկ այս նախաձեռնությունը պարզապես դատապարտված կլինի ձախողման»,- եզրափակել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ 2025 թվականին ի հայտ եկավ «Թրամփի ճանապարհ» նախագիծը, սակայն հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ առայժմ չի հրապարակվել թիրախային ցուցանիշներից որևէ մեկը՝ շինարարության պարամետրերի և ժամկետների, համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման, բեռնափոխադրումների հեռանկարների վերաբերյալ։

«Այս ամենից ոչինչ չի հստակեցվել»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ «Թրամփի ուղին» զգալիորեն կրկնում է տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մշակած լուծումները։

Խումբը գործել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ, սակայն Երևանը 2023 թվականին սառեցրել է իր մասնակցությունը դրա աշխատանքներին։

Ռուս դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Թրամփի ճանապարհն» արդեն քննադատության է արժանանում, մասնավորապես՝ իրանցի գործընկերների կողմից։ Վերջիններս հայտարարում են, որ Իրանի հյուսիսային սահմանին «ամերիկյան ուժային բաղադրիչի ցանկացած ֆիզիկական ներկայություն անընդունելի է»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են TRIPP նախագծի մեկնարկի մասին։ Այն նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավարության միջև։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրման վերաբերյալ։

Հայկական կողմը նաև համաձայնություն է հայտնել ԱՄՆ-ի և երրորդ կողմերի հետ համագործակցելու՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ստեղծման նպատակով։