Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանները նրա իրավունքների հնարավոր խախտումների առնչությամբ հրատապ հաղորդում են ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ODIHR)։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը:
Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 13-ին մասնակցելու է Մասիս համայնքի ՏԻմ ընտրություններին, «Կառուցող համայնքի» առաջին համարն է։
Կառույցի ուշադրությունը հրավիրվել է արդար դատաքննության և ընտրական գործընթացներին ազատ մասնակցության իրավունքների հնարավոր խախտումների վրա, գրում է Aysor.am-ը:
«Հիշյալ կառույցի գործունեության առանցքային ուղղություններից են ժողովրդավարական ընտրությունների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովման հարցերը։
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց տված երդմանը, դատավորի բարձր առաքելությանը, չտրվել որևէ քաղաքական կամ այլ բնույթի ճնշման և առաջնորդվել բացառապես օրենքով ու սեփական խղճով։
Կարծում ենք, որ բոլորը գիտակցում են. իրավունքի խախտմամբ կայացված դատական ակտը բողոքարկվելու է նաև ՄԻԵԴ, որտեղ մենք հետևողականորեն հետամուտ ենք լինելու այդ խախտումների արձանագրմանը, ապա՝ դրա հիման վրա պատասխանատվության հարցի բարձրացմանը»,- նշել է Պապոյանը։
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ առկա է քրեական գործ: Փաստաբանը նշել է, որ Վճռաբեկ դատարանից ծանուցում են ստացել, որտեղ ասվում է, որ նոյեմբերի 27-ին հրապարակվելու է Համբարձումյանի գործով վերջնական որոշումը:
«Մենք Վճռաբեկ դատարանի հրատապությունը պայմանավորում ենք դեկտեմբերի 13-ի ընտրություններով։ Ունենք մտահոգություններ, որ Վճռաբեկ դատարանը կայացնելու է այնպիսի որոշում, որով կունենան հնարավորություն դեկտեմբերի 13-ի ընտրություններին Դավիթ Համբարձումյանին չեզոքացնելու։ Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ էր ընդունել ընդամենը հոկտեմբերի 19-ին, և թերևս իմ գործունեության ընթացքում չի հանդիպել որևէ դեպք, երբ դատական ակտի ստուգման արդյունքում դատարանն այդքան արագ որոշում կայացնի։ Դա ուղղակի կապակցված է լինելու քաղաքական շահի սպասարկմամբ»,-ասել է նա:





