AM
27 Նոյեմբեր 2026 - 13:02 AMT

Քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հայեցակարգային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխման հայեցակարգային դրույթներն ու հետագա զարգացման առաջնահերթությունները։

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Սահմանապահ ծառայության գործունեության տարբեր ուղղություններին։ Միջազգային փորձը հաշվի առնելով՝ դիտարկվել են ծառայության կարողությունների ընդլայնման, ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման, օպերատիվ կառավարման կատարելագործման և այլ հարցեր։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման նպատակով նախատեսվող միջոցառումները։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նշված ուղղություններով իրականացվող աշխատանքների կարևորությունը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները՝ հնարավորինս արդյունավետ լուծումներ մշակելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար։

Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունը պետական բոլոր սահմանների ամբողջ վերահսկողությունն առաջիկա տարիներին պետք է վերցնի իր վրա:

«ՌԴ սահմանապահներին մենք շնորհակալ ենք այս ընթացքում ՀՀ սահմաններին կանգնելու համար, սակայն կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք մեր սահմանի պատասխանատվությունն առաջիկա տարիներին ամբողջովին վերցնենք մեզ վրա»,– ասել է նա: