AM
27 Նոյեմբեր 2026 - 15:13 AMT

ԱՆ․ Դատավորների միության հայտարարությունը դատական իշխանության պաշտոնական դիրքորոշումը չէ

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի առնչությամբ տարածած հայտարարությանը՝ ներկայացնելով մի շարք պարզաբանումներ։ Գերատեսչությունը «Փաստեր և իրականություն» խորագրով հրապարակման մեջ անդրադարձել է Դատավորների միության իրավական կարգավիճակին և վերջինիս արտահայտած դիրքորոշման բնույթին։

Նախարարությունը նշել է, որ տարածված հայտարարությունը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, «այլ ոչ թե դատական իշխանության, դատական համակարգի, որևէ դատական ատյանի կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը»:

«2026 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի դատավորների միությունը հայտարարություն է տարածել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ՝ պնդելով, որ դատավորների վերագնահատման և Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման առաջարկվող կարգավորումները վտանգում են դատական իշխանության անկախությունը։

Այս առնչությամբ հանրության լիարժեք իրազեկման նպատակով կարևոր է պարզաբանել մի քանի հանգամանք։

Հայաստանի դատավորների միությունը 1997 թվականին ստեղծված և պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություն է։ Միությանն անդամակցությունը կամավոր է, ընդ որում՝ դրա անդամ կարող են լինել ինչպես գործող, այնպես էլ նախկին դատավորները։

ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով հստակ սահմանված են դատական իշխանության համակարգում գործող մարմինները և դրանց կարգավիճակը։ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանները։ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ դատավորների ինքնակառավարման մարմինը Դատավորների ընդհանուր ժողովն է, որի անդամներն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներն են։ Գործում է նաև Դատական դեպարտամենտը, որն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների և Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունների իրականացումը։

Հայաստանի դատավորների միությունը, ի տարբերություն վերոնշյալ մարմինների, դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չի կազմում, չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ և գործում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության ու սեփական կանոնադրության հիման վրա։ Հետևաբար՝ դրա կողմից տարածված հայտարարություններն իրենց իրավական բնույթով հասարակական կազմակերպության հայտարարություններ են։

Միաժամանակ հրապարակված հայտարարությունից պարզ չէ, թե հասարակական կազմակերպության որ մարմինն է ընդունել այն, քանի անդամ է մասնակցել դրա քննարկմանը և հավանություն տվել դրա բովանդակությանը, արդյոք առկա է կանոնադրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան որոշում, որով հաստատվել է հայտարարության տեքստը և որոշվել դրա հրապարակման հարցը։ Հրապարակված չեն նաև հայտարարությունը ստորագրած կամ դրան միացած դատավորների անունները։

Հանրային նշանակություն ունեցող նման հարցերի վերաբերյալ հայտարարությունների դեպքում կարևոր է ոչ միայն դրանց բովանդակությունը, այլև այն, թե ում դիրքորոշումն են դրանք արտահայտում և ինչ ընթացակարգով է այդ դիրքորոշումը ձևավորվել։

Չվիճարկելով հասարակական կազմակերպության՝ իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ տարածված հայտարարությունը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, դատական համակարգի, որևէ դատական ատյանի կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը»,– ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այն հանրաքվեի դնելու համար պակասում է 6 ձայն: Հանրությանն ուղղված ուղերձում վարչապետը վերահաստատել է առաջարկը, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքից է կախված լինելու նաև իր քաղաքական ապագան։ Եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, նա խոստանում է անհապաղ հրաժարական տալ, իսկ «այո»-ի դեպքում՝ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին չառաջադրվել վարչապետի պաշտոնում։