Արմավիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում՝ քաղաքացին զանգահարել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Մրգաշատ գյուղի կամրջի մոտ։
Նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են ջնջված համարներով 3 ինքնաձիգ, 10 ողորկափող և մեկ օդաճնշիչ հրացան, գազային, օդաճնշիչ և մեկնարկային վեց ատրճանակ, երեք նռնակ, ավելի քան հազար փամփուշտ և այլ զինամթերք, հայտնում է ոստիկանությունը:
«Կրկին հորդորում ենք քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Հիշեցնում ենք, որ օրենքով նախատեսված դեպքերում զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ:





