Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է մեկ տարով երկարացնել ինքնակամ կառույցների օրինականացման համար դիմումների ընդունման ժամկետը և ներդնել որոշ շինությունների ավտոմատ օրինականացման մեխանիզմներ։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան եթերում:
Նա ինքնակամ կառույցների ժամկետի երկարացման վերաբերյալ օրենսդրական առաջարկություն է նախապատրաստել:
Նախկին նախարարը Կադաստրի կոմիտեից պարզել է, որ փետրվարին ներկայացվել է օրինականացման 348 դիմում, մինչդեռ նոյեմբերին այդ ցուցանիշը հասել է 5755-ի։ Նա հավելել է, որ ինքնակամ կառույցների ընդհանուր թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա։
Ըստ նրա՝ մոտավոր կարելի է խոսել հարյուր հազարավոր ինքնակամ կառույցների մասին, մինչդեռ չափագրող մասնագետների թիվը խիստ սահմանափակ է, կան նաև ֆինանսական խնդիրներ:
«Խնդիրը ինստիտգուցիանալ և տարբերակված մոտեցում է պահանջում։ Օրինակ՝ սեփական հողամասերում գտնվող տարբեր փոքրիկ կառույցների, համայնքներում որոշ շինությունների համար, պետությունը պետք է թույլ տա ավտոմատ օրինականացման գործընթաց, ոչ թե բոլորին անցկացնի դժոխքի այս ոլորանների միջով»,-ասել է նա:
Արփինե Հովհաննիսյանն Ազգային ժողովի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ՝ պատրաստակամություն հայտնելով մասնագիտական աջակցություն ցուցաբերել։





