Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է Երևանում գործող թռչնամսի արտադրամասի աշխատանքը՝ սննդամթերքի անվտանգության պահանջների խախտումների պատճառով։
Խոսքը մայրաքաղաքի Մելքումով 17/8 հասցեում գործող Դայան Սիրանուշ անհատ ձեռնարկատիրոջ թռչնամսի արտադրամասի մասին է։
Տեսչական մարմնի մասնագետների անցկացրած ստուգման արդյունքում արձանագրվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների խախտումներ։
«Մասնավորապես, արտադրական տարածքների կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել հումքի, սննդամթերքի, մաքուր և աղտոտված գույքի հոսքերի տարանջատումը՝ խաչաձև աղտոտումը բացառելու համար։ Բացի այդ, արտադրամասը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ, ինչպես նաև ձեռքերի լվացման համար նախատեսված՝ տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, լվացման միջոցներ և ձեռքերը չորացնելու սարքեր»,- ասվում է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը





