AM
27 Նոյեմբեր 2026 - 12:32 AMT

Ռոմանոս Պետրոսյան. Թե բա՝ «ՀԷՑ-ը մեկ միլիարդ դոլար արժե»

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է Եղեգնաձորի էլեկտրացանցի ներկայիս վիճակն ու առաջիկայում նախատեսվող ներդրումները՝ անդրադառնալով նաև ընկերության արժեքի վերաբերյալ գնահատականին։ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է էլեկտրացանցի գլխավոր ինժեների աշխատասենյակի լուսանկարը:

«Թե բա՝ «ՀԷՑ-ը մեկ միլիարդ դոլար արժե»,-գրել է նա:

Պետրոսյանը նշել է, որ լուսանկարում ՀԷՑ-ի «Եղեգնաձոր» էլ.ցանցի գլխավոր ինժեների աշխատասենյակն է՝ հավելելով, որ վերջին 20 տարիներին, ինչպես նշված էլ.ցանցի ամբողջ համակարգում, այդպես էլ այս աշխատասենյակում՝ գրեթե ոչինչ չի փոխվել:

«Առաջիկա մեկ-երկու ամիսներին մոտ 70 աշխատակից ունեցող՝ «Եղեգնաձոր» էլ.ցանցի համար քաղաքի կենտրոնական մասում նոր վարչական շենք կվարձակալենք՝ լիովին հիմնանորոգված և հագեցած գրասենյակային նոր տեխնիկայով ու անհրաժեշտ կահույքով։

Իսկ տվյալ էլ.ցանցի ենթակառուցվածքների նորացման, ինչպես նաև մի քանի կարևոր հատվածներում օդային գծերի վերակառուցման նպատակով առաջիկա տարվա ներդրումային ծրագրով նախատեսել ենք շուրջ 200 մլն ՀՀ դրամ։ Իսկը բանավեճի տաղավար է. ի՞նչ կասեք…))»,-ասվում է գրառման մեջ:

Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ի ձեռքբերման դիմաց սեփականատերերին առաջարկել է 380 հազար դոլար, որը մերժվել է Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից: ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտնել է, որ կառավարությունը նախատեսում է որոշում ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։ Նրա ներկայացմամբ՝ այդ որոշմանը հաջորդելու են ընկերության շուկայական արժեքի գնահատման և համապատասխան փոխհատուցման գործընթացները։

Կառավարությունը հոկտեմբերի 15-ին որոշում է ընդունել ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի նկատմամբ հանրային գերակա շահ սահմանելու վերաբերյալ։