Մի քանի օր առաջ «Շիրակ կենտրոն» Հասարակական կազմակերպությունը դիմում-ուղերձ էր հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին՝ խնդրելով Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված ընտանիքի երեք երեխաներին Գյումրու տարբեր մանկատներից տեղափոխել նույն`«Թռչունյան տուն» մանկատուն, ինչը սահմանված է երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների տեղավորման մասին ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1735-Ն որոշմամբ:
Ինչպես ասվում է «Շիրակ կենտրոն» կազմակերպության հաղորդագրության մեջ, դիմում-ուղերձի հրապարակումից երկու օր անց` մարտի 10-ին, առաջ քաշված խնդիրը քննարկելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հրավիրեց խորհրդակցություն: Դրան մասնակցելու հրավեր էին ստացել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ, «Թռչունյան տուն» մանկատների տնօրենները և «Շիրակ կենտրոնի» ղեկավարը: Խորհրդակցության ընթացքում նախարարը որոշում է կայացրել այդ ընտանիքի երկու դպրոցահասակ երեխաներին Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկից տեղափոխել «Թռչունյան տուն» մանկատուն, որտեղ գտնվում է նույն ընտանիքի փոքրը` 4-ամյա տղան: Այսօր այդ մասին կտեղեկացվի երեխաների ծնողներին, իսկ տեղափոխման ուղեգրերը պատրաստ կլինեն երկու օրից:
«Շիրակ կենտրոնը» վերոհիշյալ դիմում-ուղերձով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին նաև խնդրել էր երեխաների ծնողներին ցուցաբերել նյութական աջակցություն, այդ թվում կիսախարխուլ տան նորոգման, անձնագրային բաժնում և սոցիալական ծառայությունում գրանցման, նրանց անվճար բուժզննման ենթարկվելու հարցերում:
«Ի տարբերություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետը մեր դիմումին չի արձագանքել: Ուզում ենք հավատալ, որ նա իր աշխատակազմի համապատասխան մասնագետների հետ դեռևս մտորում է այդ ընտանիքին աջակցություն ցուցաբերելու միջոցների հայթայթման ուղիների մասին»,-ասվում է ՀԿ-ի հաղորդագրության մեջ:





