Մանկապարտեզի կառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ ծրագիրն է Դրախտիկ գյուղում: Այս ձեռնարկը համաֆինանսավորվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության կողմից:
Խորհրդային տարիներին գործող մանկապարտեզը պատերազմի ժամանակ վերածվել էր շտաբի: Շինարարական աշխատանքները մեկնարկեcin 2010թ. օգոստոս ամսին: Ընթացքում են երկրորդ հարկի կառուցման աշխատանքները: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Այն կունենա տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված առանձին ննջասենյակներ ու խաղասենյակներ, ինչպես նաեւ մարմնամարզության ու երաժշտական պարապմունքների դասասենյակներ: Նորակառույցում կտեղադրվեն ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգեր: Խոհանոցը, լվացքատունը, բուժկետն ու սանհանգույցները ապահովված կլինեն կենցաղային տեխնիկայով ու պարագաներով: Երեխաների ժամանցը հնարավոր կլինի նաեւ կազմակերպել նաեւ բացօթյա խաղահրապարակում, ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:
«Մանկապարտեզի կառուցումը «Հայաստան» հիմնադրամի միակ ծրագիրը չէ Դրախտիկում. նրա ջանքերով համայնքն ապահովվել է խմելու ջրով, իսկ նվիրաբերված գյուղտեխնիկան օգնում է գյուղացիներին ավելի մեծ արդյունք ստանալ իր հողից»,-նշել է Դրախտիկի գյուղապետ Նորայր Դավթյանը:
«Մեր մանուկներն արժանի են, որ կրթվեն ու դաստիարակվեն այն պայմաններում, ինչպիսիք կան Ֆրանսիայում կամ Եվրոպայի այլ երկրներում: 10 տարուց ավել է, ինչ ֆրանսահայ համայնքն իր միջոցներով օգնում է կառուցել, վերակառուցել ու կահավորել Հայաստանի ու Արցախի դպրոցներն ու մանկապարտեզները»,-իր գոհունակությունն է հայտնել Հիմնադրամի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:





