AM
16 Մարտ 2011 - 09:19 AMT

«Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է հացադուլ հայտարարած իր առաջնորդին

«Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է մարտի 15-ին Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պայքարի այդ ծայրահեղ եղանակով քաղաքացիական ահազանգ է հնչեցնում ողջ հայությանը` անարդարությամբ ու ապօրինությամբ վտանգված մեր պետականության ապագայի համար: Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ «գործող իշխանությունները մեր սերունդների ապագան վտանգել են պետական ներքին ու արտաքին պարտականություններից իրենց փաստացի հրաժարումով եւ դրա փոխարեն իշխանությունը առնվազն յոթ տարով բռնազավթելու խմբային մտադրությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է համահասարակական ու համազգային այն պահանջը, որով գործող իշխանությունը եւ նախագահը պետք է ետ շրջեն պետության կուսակցականացման այս վտանգավոր գործընթացը, մեր երկրի համար իրենց իսկ ստեղծած այս արտակարգ դրության պայմաններում գտնեն արտակարգ լուծումներ, այն է` հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ ձեւավորումը` վերադարձնելով հայ ժողովրդին իր ձայնը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իր իրավունքը:

«Իսկ եթե ոչ, ապա իշխանությունները պարտավոր են իրավաբանորեն ամրագրել իրենց հրաժարումը սահմանադրական պարտականություններից, իսկ հասարակությունն էլ` հանրային սպասումներին համահունչ համախմբած ընդդիմությամբ պետք է տեր կանգնի երկրին, մեր ապագային` վերանվաճելով իր ազատությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը»,-ասվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ: