2011-ի փետրվար ամսին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երաշխավորել է «Բարև, Եվրոպա» ձեռնարկի կիրառումը հանրակրթական դպրոցներում` որպես ուսումնաօժանդակ նյութ, ինչպես նաև մեթոդական ուղեցույցի կիրառումը ուսուցիչների կողմից վերոնշյալ դասընթացի շրջանակներում: Ձեռնարկն ու ուղեցույցը հիմք կհանդիսանան փորձնական ծրագրի շրջանակներում Երևանի թիվ 198 ավագ դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչների համար անցկացվող ԵՄ դասավանդմանն ուղղված դասընթացի համար: Դասընթացը կկազմակերպվի ս.թ. մարտի 19-20-ը Ծաղկաձորում, որի մասնակցիները կլինեն ընտրված երկու ավագ դպրոցների հասարակագիտության, պատմություն, իրավունք, քաղաքագիտություն, մարդու իրավունքներ առարկաների ուսուցիչները:
Ձեռնարկում դյուրըմբռնելի կերպով ներկայացվում են Եվրոպական միության մասին հիմնարար գիտելիքներ: Այն նկարագրում է նաև եվրոպական ինտեգրման գաղափարախոսության էությունն ու արժեհամակարգը, որն ընկած է Եվրոպայի միավորման հիմքում: Կրթության և գիտության նախարարության կողմից «Բարև, Եվրոպա» ձեռնարկի երաշխավորմամբ սկիզբ է դրվում դպրոցներում Եվրոպական միության դասավանդմանը: ԵՄ մասին դասընթացները կօգնեն հայաստանյան դպրոցականներին սեփական կարծիք ձևավորել ԵՄ կառուցվածքի և պատմության մասին, ինչպես նաև հետևել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը: Դասընթացի նպատակներից է նաև համաեվրոպական արժեքների հետ Եվրոպական միության կառուցվածքի, պատմական զարգացման և ինտեգրման գործընթացի տրամաբանական կապի կարևորումը:
«Բարև, Եվրոպա» ձեռնարկը ստեղծվել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից, Ամերիկայի ժողովրդի նվիրատվության միջոցով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ և Եվրոպական միության օժանդակությամբ: ԱԵՊԼԱԿ-ն աջակցել է սույն ձեռնարկի հրատարակչությանը, ինչպես նաև Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ ուսուցիչների համար նախատեսված մեթոդաբանական ուղեցույցի մշակման հարցում:
Ձեռնարկի մշակման ընթացքում նպատակ է դրվել ստեղծել դյուրըմբռնելի տեղեկատվական նյութ, որը կլրացնի հայաստանյան աշակերտների շրջանում առկա տեղեկատվական բացը, ինչպես նաև պատասխանել եվրոպական հարթության վերաբերյալ հայաստանյան հասարակության առավել լայն շերտերի շրջանում առկա բազմատեսակ հարցերին:





