AM
21 Մարտ 2011 - 06:39 AMT

«Ժառանգությունը» պահանջում է քրեական գործ հարուցել կուսակցության անդամների նկատմամբ կիրառած բռնության պատճառով

2011թ. մարտի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարված «Ծոմ Ազատության» բողոքի քաղաքացիական ակցիայի 6-րդ օրը, ժամը 18:00-ի սահմաններում Հովհաննիսյանին զորակցող քաղաքացիների նախաձեռնությամբ տեղադրվեց հովանոց` հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին եղանակային փոփոխական պայմաններից պաշտպանելու նպատակով:

Մինչ այդ` ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանները մոտեցել են հովանոցը տեղադրող քաղաքացիներին ու «Ժառանգության» պատգամավորներին և հորդորել սպասել շուրջ կես ժամ: Ժամը 18:00-ին քաղաքացիները տեղադրել են հովանոցը, սակայն րոպեներ անց հովանոցի վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով և ոստիկանական համազգեստով 2 տասնյակից ավելի անձինք և հաշված վայրկյանների ընթացքում, առանց օրինական պահանջ ներկայացնելու, իրենց գործողության համար հիմք հանդիսացող հրամանը ներկայացնելու, ջարդել են հովանոցը:

Իրականացված վայրագ գործողության ընթացքում ոստիկանական խումբն իր ապօրինի գործողություններով վնասվածքներ է հասցրել և կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառել «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի և հովանոցը պաշտպանող այլ քաղաքացիների նկատմամբ: Չբավարարվելով իրականացված բռնարարքներով` սույն խումբը մինչև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտ է քարշ տվել կոտրված և պատառոտված հովանոցը` երկաթյա ձողերի մեջ աքցանված ձեռքով Լարիսա Ալավերդյանի հետ միասին:

Կատարված հանցագործության մասին անմիջապես տեղեկացվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, միջազգային կառույցները և դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները, Ոստիկանապետն ու նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ: Լարիսա Ալավերդյանի կողմից հանցագործության մասին հեռախոսով հաղորդում է տրվել նաև ոստիկանության բաժանմունք: Ժամը 18:00-ից սկսած պատգամավոր Ալավերդյանը երկաթյա մետաղաձողերի մեջ աքցանված ձեռքով նստած է ջարդված հովանոցի կողքը` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի դիմաց և հրաժարվում է հեռանալ այնտեղից, քանի դեռ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բացատրություն և պարզաբանում չեն տվել, թե ում և ինչ հրամանի հիման վրա է իրականացվել այդ հանցագործությունը Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված քաղաքացիների իրավունքների իրացման դեմ:

Ոստիկանության իրականացրած գործողությունների տեսագրությունը տեղադրված է http://www.youtube.com/watch?v=FbDpExC-a3g&feature=feedu ինտերնետային հասցեում:

«Ժառանգություն» կուսակցությունը Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ դատախազությունից և Ոստիկանությունից պահանջում է սույնը դիտարկել իբրև հաղորդում հանցագործության մասին, հարուցել քրեական գործ և իրականացնել քննություն:

Մինչ այս` հացադուլի նախորդած 5 օրերի ընթացքում Ազատության հրապարակի հարակից տարածքում բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա համակիրների շուրջօրյա հսկողությունն իրականացնող մի քանի տասնյակ ոստիկաններ օրեր շարունակ արգելել էին հացադուլի մեջ գտնվող Ր. Հովհաննիսյանի տարրական հանգիստն ապահովելու նպատակով վրանի տեղադրումը հրապարակին հարակից գազոնի տարածքում` այդ արգելքի համար չներկայացնելով որևէ իրավական հիմնավորում, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: