Մարտի 15-21-ը, ԱՄՆ Օհայոի նահանգի Դելավարի համալսարանում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Հավատ և Կարգ» հանձնախմբի գործադիր վարչության անդամների հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 10 Եկեղեցիների ներկայացուցիչներ չորս մայրցամաքներից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ ժողովին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հանդիպմանը Ուղղափառ, Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների տեսանկյունից քննության առնվեց «Եկեղեցու բնույթը և առաքելությունը» փաստաթուղթը, որը կազմվել է ԵՀԽ նախաձեռնությամբ և փորձում է արտահայտել ԵՀԽ անդամ Եկեղեցիների ընդհանուր տեսակետները Եկեղեցու բնույթի մասին` պահպանելով, այդուհանդերձ, նրանց տարբերությունները, հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:





