Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 11-18-ը կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառումը` «Գրատպություն` գիտելիքի հավերժական ներկայություն» կարգախոսով: Շաբաթը մեր հանրապետությունում անց է կացվում 10-րդ անգամ: Արդեն ավանդույթ դարձած միջոցառումը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը` ստանալով համահայկական բնույթ:
Ազգային գրադարանային շաբաթի նպատակն է` վերաիմաստավորել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, պետական այրերի և հասարակության ուշադրությունը հրավիրել գրադարանային խնդիրներին:
Շաբաթի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ: Կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրադարանային բազմաբնույթ միջոցառումներ, հաղորդում է Հայկական գրադարանային ասոցիացիան:
Հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 11-ին Հայաստանի Ազգային, ինչպես նաեւ մասնագիտական, մարզային եւ համայնքային գրադարաններում: Ապրիլի 12-ին հանրապետության գրադարաններում տեղի կունենան մի շարք միջոցառումներ` նվիրված հայկական գրատպությանը: Ապրիլի 13-ին կանցկացվի մանկապատանեկան արձակ եւ չափածո ստեղծագործությունների մրցույթ: Գրադարանային շաբաթի շրջանակներում ապրիլի 14-ին նախատեսվում է անցկացնել հոբելյանական միջոցառումներ` նվիրված Գրիգոր Զոհրապի 150, Գարեգին Նժդեհի, Միսաք Մեծարենցի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Հակոբ Մնձուրու ծննդյան 125-ամյակներին:
Ապրիլի 15-ը համարվում է ազատ միջոցառումների օր: Նախատեսվում է հանդիպում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, գիտության, մշակույթի, գրականության ներկայացուցիչների հետ, կլինեն էքսկուրսիաներ: Ապրիլի 16-ը նշվելու է որպես միմյանց գիրք նվիրելու օր: Ընտանեկան ընթերցանության օր կհամարվի ապրիլի 17-ը: Այդ օրը մեծահասակները երեխաների համար կկարդան գրական ստեղծագործություններ:





