AM
30 Մարտ 2011 - 08:55 AMT

«Հավասարների հավաքը » կոչ է անում ՀԱԿ-ին բացատրել առաջիկա հանրահավաքին առաջարկների քննարկման սկզբունքները

Մարտի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»: Իսկ մարտի 24-ին ՀԱԿ-ը հայտարարությամբ դիմեց բոլորին՝ կոչ անելով նախապատրաստվել ապրիլի 8-ի հանրահավաքին եւ հանդես գալ այդ օրվա անելիքների վերաբերյալ առաջարկներով: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի կողմից ստացված «Հավասարների հավաքի» հայտարարության մեջ պետք է հստակեցվեն եւ հանրայնացվեն ակնկալվող առաջարկների քննարկման, ընդունման ու հրապարակման սկզբունքները եւ մեխանիզմները` ոչ միայն առաջիկա հանարահավաքի անելիքների պարագայում, այլեւ այսուհետ: «Այսպիսով, Համաքաղաքացիական շարժման մասնակիցները կկարողանան ժողովրդավարական հիմունքներով ներգրավվել որոշումների կայացման գործընթացին: Համոզված ենք, որ միայն թափանցիկ, բաց, ժողովրդավարական գործելաոճը ի վիճակի կլինի ապահովել կայացվելիք որոշումների օրինականությունը և կհզորացնի Շարժումը»,- նշված է հայտարարության մեջ: