AM
30 Մարտ 2011 - 09:19 AMT

Երևանում կներկայացվի հայերի ջարդերի մասին Ֆիլիպ Վիդըլիեի «Թուրքական գիշեր» գիրքը հայերենով

Մարտի 31-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա Ֆիլիպ Վիդըլիեի «Թուրքական գիշեր» գրքի հայերեն թարգմանության (թարգմանիչ` Պարգև Շահբազյան) շնորհանդեսը:Առաջաբանի հեղինակը պատմական գիտությունների դոկտոր Մանվել Զուլալյանն է: Վիդըլիեն իր գրքում ձգտել է առանձին դրվագների հոգեցունց պատկերներով վեր հանել թուրքերի կատարած աննախադեպ ոճրագործության բուն էությունը, իմաստը:

Թարգմանիչն իր հերթին վկայում է, որ գիրքը, բացի գեղարվեստական արժեքից, ունի նաև պատմական կարևոր նշանակություն: Այն վերաբերում է 1895-1896թթ. համիդյան կոտորածներին, ինչպես նաև 1915թ. Հայոց ցեղասպանությանը` երիտթուրքերի պարագլուխների գործադրած սպանդի սահմռկեցուցիչ նկարագրություններով:

Գրքի առնձնահատկություններից մեկն այն է, որ այն լոկ վավերական փաստերի շարադրանք չէ, այլ պատմական հենքի վրա կառուցված յուրահատուկ վիպական ստեղծագործություն:

Գիրքն ավարտվում է «Նեմեսիս» նշանաբանով կատարված գործողությունների նկարագրությամբ, որտեղ հայրենասեր վրեժխնդիր հայեր երդվել էին իրականացնել հենց օսմանյան դատական բարձրագույն ատյանի կողմից նախատեսված, բայց չգործադրված, մահավճիռը` Հայոց ցեղասպանությունը կազմակերպած պարագլուխների հանդեպ:

2005թ. Փարիզում «Գալիմար» հայտնի հրատարակչությունը լույս է ընծայել Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների Ազգային կենտրոնի անդամ, Ֆրանսիայի ժամանակակից հայտնի պատմաբան ու գրող Ֆիլիպ Վիդըլիեի «Թուրքական գիշեր» գիրքը, որը 2 տարի անց մեծ տպաքանակով վերահրատարակվել է կրկին Փարիզում:

Գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով`հունարեն, ռուսերեն, խորվարթերեն, բուլղարերեն: Հայերեն թարգմանությունը լույս է ընծայել «Ամարաս» հրատարակչությունը 2010թ.: