Մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր տուժել են իրենց անշարժ գույքի հետ կապված խարդախության հետևանքով, հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց` պահանջելով գույքի հանդեպ ունեցած սեփականության իրավունքների վերկանգնում: Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմեց ակցիայի մասնակից Մ.Ե-ն, դեռևս 2009 թ. մայիսին «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը պարտավոր էր Գևորգ Չաուշի 14/3 հասցեում շահագործման հանձնել բազմաբնակարան շենք, որը մինչ օրս անավարտ է, իսկ քաղաքացիները` հուսահատ վիճակում:
«Նորաշեն 2007» ՍԿ պայմանգրեր է կնքել բնակիչների հետ, մարդկանցից գումարներ հավաքել, շինարարությունը սկսել: Անցած տարեվերջին կոոպերատիվի անդամ անձինք, տեղեկացրել են, որ իրենք խարդախության զոհ են դարձել, ու բնակարանները վերավաճառել երրորդ իրավաբանական անձանց, որոնք էլ հիմա մեզնից կրկին գումար են պահանջում շենքի շինարարությունն ավարտին հասցնելու և մեզ վկայական տրամադրելու համար»,- նշում է քաղաքացին: Նրա խոսքով, կառուցվող շենքն ունի 128 բնակարան, ևս 2 բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել, սակայն դրանց ապագա բնակիչներից կոոպերատիվը հասցրել է գումարներ գանձել:
Խարդախությունից տուժած քաղաքացիները պնդում են, որ «Նորաշեն 2007»-ը իրենց սեփականության վկայականներ չի տրամադրել, դրանք հիմա այդ բնակարանները վերագնած անձանց ձեռքում են: «Մենք ունենք «Նորաշեն 2007»-ի հետ կնքած պայմանագրեր, բայց մեր բնակարանները վերագնած անձինք հիմա ցանկանում են գերշահույթ ստանալ, մեզ սեփականության վկայական տրամադրելու դիմաց»,- նշում են քաղաքացիները: Նրանք արդեն դիմել են դատարան, սակայն թերահավատ են, որ խնդիրը լուծում կստանա, քանի որ այս գործում, նրանց պնդմամբ, ներքաշված են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում պատգամավորներ:
Տվյալ պահին, տուժած քաղաքացիների ներկայացուցչին ընդունել են ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ էլ քաղաքացիները կներկայացնեն իրենց բողոքը:
Նշենք միայն, որ Հայաստանի կառավարության 2009 թ. նոյեմբերի 19-ի նիստում ընդունել է որոշում, համաձայն որի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Պրոմեթեյ բանկ»-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Նորաշեն 2007թ.» սպառողական կոոպերատիվին պետք էր տրամադրվեր բյուջետային երաշխիք` 0,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
«Տրամադրելով այս գումարը մենք երաշխավորված ենք լինում, որ շինարարական այդ օբյեկտները հասցվելու են ավարտին: Մյուս կողմից` մենք շուրջ 12 մլրդ դրամ ենք հատկացրել հիպոթեքայի վարկավորման համար, որպեսզի խթանենք պահանջարկը: Իսկ եթե հիպոթեկային շուկայի զարգացմանը նպաստում ենք 12 մլրդ-ով, բնականաբար, պետք է լինեն նաեւ բնակարաններ, որոնք մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել»,- նշել էր այն ժամանակ Տիգրան Սարգսյանը:





