AM
30 Մարտ 2011 - 14:32 AMT

Հայաստանի Բերքաշատ գյուղում շուտով կկառուցվի եկեղեցի

Մարտի 28-ին Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

Գինով, ջրով լվացվեցին նախապես ընտրված 16 վեմ քարերը, որոնց համար ընտրվել էին 16 կնքահայրեր: Այդ պատասխանատու պարտականությունը սիրով ստանձնել էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու բարերար Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, բարերարի որդիները և համագյուղացիներ, հաղորդում է Արմավիրի թեմի առաջնորդարանը:

Գյուղը եկեղեցի չի ունեցել, և տարիներ շարունակ գյուղի բնակիչներն իրենց աղոթքը առ Աստված բարձրացնելու և հոգևորականի խոսքը լսելու համար այցելել են տարածաշրջանի գյուղերում գտնվող եկեղեցիներ: Եկեղեցու բարերար Խաչատուր Խաչատրյանը, երկար տարիներ բնակվելով Կիևում, նախաձեռնեց սեփական գյուղում կառուցել եկեղեցի, որը կծառայի գյուղացիներին և կնպաստի գյուղի հոգևոր վերազարթոնքին:

Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով հանդիսանում է նաև Մեծամոր քաղաքի Սբ. Ղազար եկեղեցու նախագծողը: Եկեղեցին կառուցվում է գյուղի կենտրոնում: Այն լինելու է տուֆակերտ, գմբեթավոր եկեղեցի, 11.2X11.2 մետր չափերով, 16.4 մետր բարձրությամբ, միախորան, խորանի երկու կողմերում եռանկյունաձև ավանդատներով, արևմուտքում կցված զանգակատնով: Կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012 թվականի գարնանը: