AM
5 Ապրիլ 2011 - 08:38 AMT

Սևանա լճի հանրային լողափերը շահագործման կհանձնվեն նախատեսված ժամկետներում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ եղավ Սևանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար:

Այդ նպատակով կօգտագործվեն Լճաշեն համայնքին հարակից 1,72 հեկտար տարածքը, Սևանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտարը և 1,54 հեկտար` թերակղզու հատվածում:

Տեղեկացվեց, որ բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը և սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր:

Ա. Գևորգյանը կարևորեց բնակչության հանգստի պատշաճ կազմակերպման համար լողափերում անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հաշվի առնելով նաև սանիտարական, անվտանգության ապահովման խնդիրները: Նա մարզպետին հանձնարարեց առողջապահության նախարարի հետ քննարկել լողափերում բուժօգնության կազմակերպման հարցը:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` լողափերը նախատեսված ժամկետներում շահագործելու համար:

Հաշվի առնելով, որ հանրային լողափերի համար ընտրվել են մայրաքաղաքին համեմատաբար մոտ հատվածները, հանձնարարվեց նաև քննարկել լճի ափամերձ այլ հատվածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում կառավարությանը կներկայացնի նշված երեք տարածքների բարեկարգման և անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջվող ֆինանսական միջոցների նախահաշիվը, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը: