Ապրիլի 2-ին Երևանում կազմակերպված քաղաքացիական ՀեղաՖՈՐՈՒՄ-ի նպատակն էր ներգրավել քաղաքացիական գիտակցություն ու կամք ունեցող մարդկանց, խթանել մտագրոհներ ու հասարակական պահանջի ձևակերպում, նպաստել մարդկանց ու սոցիալական խմբերի իրազեկմանը, ինքնակազմակերպմանը և մոբիլիզացմանը` հանուն մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված ժողովրդավարական պետության փաստացի ստեղծման: Հեղաֆորումն ունեցավ 113 մասնակից, ևս 20-ը Live Stream-ով հետևում էին ֆորումի աշխատանքներին, ասվում է ՀեղաՖՈՐՈՒՄ նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ֆորումի աշխատանքային մեթոդը բաց տարածքի սկզբունքն էր` հիմքում ունենալով երկու հարցադրում` «Ի՞նչ փոխել» և «Ինչպե՞ս փոխել»: Զեկուցողներ ու նախապես որոշված թեմաներ չկային: Բոլոր մասնակիցները ունեին հավասար հնարավորություններ իրենց գաղափարները, վերլուծություններն ու առաջարկները ազատ արտահայտելու: Մոդերատորներն օգնում էին առավելագույնս արդյունավետ վարել գործընթացը: Արդեն իսկ ձևավորման փուլում են բանակի, սոցիալական, աշխատանքային և բնապահպանական հարցերի, արժեհամակարգի փոփոխության, կանանց ազատագրման և մի քանի այլ նախաձեռնություններ:
Բաց տարածքի սկզբունքի համաձայն` ՀեղաՖՈՐՈՒՄ-ն ամբողջությամբ կամ նախաձեռնող խումբը պատասխանատվություն չի կրում ֆորումի ընթացքում հնչած առաջարկների ու նոր մշակվող նախաձեռնությունների համար:
ՀեղաՖՈՐՈՒՄ-ի ընթացքում հնչած առաջարկներից մեկն էր` ֆորումը դարձնել պլատֆորմ` քաղաքացիական նախաձեռնությունների համակարգման և քաղաքացիական շարժումներին նոր լիցք հաղորդելու համար: Նախաձեռնող խումբը ըստ անհրաժեշտության հնարավոր է համարում նմանատիպ ֆորումների կազմակերպումն ու անցկացումը, ասվում է հաղորդագրության մեջ:





