Այնտեղ, որտեղ չգիտակցվեց անհետաձգելի փոփոխությունների անհրաժեշտությունն ու հրամայականը, իշխող ռեժիմները մնացին ժողովրդավարական հեղափոխության ալիքի տակ` երբեմն էլ երկիրը ներքաշելով խոր երկպառակտման ու քաղաքացիական պատերազմի մեջ: Այնտեղ, որտեղ գիտակցեցին սեփական հասարակության օրինական պահանջներին ընդառաջելու ու վարվող քաղաքականության մեջ արմատական վերանայումների անհրաժեշտությունն ու ճշգրիտ պահը, զարգացումներն այլ ընթացք ունեցան: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ:
Ըստ Զարուհի Փոստանջյանի, նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ռեֆորմների փորձերն այս 20 տարիների ընթացքում որևէ ցանկալի արդյունք չեն արձանագրել, եւ ձախողվել են: «Այսպես շարունակվելու դեպքում` մենք եւս հայտնվելու ենք կամ խոր բռնատիրության մեջ մնալու կամ դրանից ամեն գնով ու ճանապարհով ելքեր փնտրելու երկընտրանքի առջեւ: Մեր հասարակությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Կառավարման եւ ղեկավարման համակարգից դժգոհ են գրեթե բոլորը` գործարար, մտավորական, մանկավարժ, բժիշկ, արհեստավոր, շինարար, առեւտրական, աշխատող ու գործազուրկ: 2008 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները փաստեցին, որ կեղծված ընտրություններով, բանակի ուժով եւ արյան բեռով ձեւավորված իշխանությունը չի կարող ծառայել ժողովրդին ու ազգային-պետական շահերին: Նոր սերունդը, որը չի կրում ոչ խորհրդային կուսակցա-նոմենկլատուրային, ոչ էլ ԿԳԲ-ի դրոշմը, ժամանակակից աշխարհում շատ մատչելի կերպով ստանում եւ արագ դառնում է առաջադեմ գաղափարների կրողն ու հետադիմության մերժողը»,-ասվում է հայտարարության մեջ:
«Մեր օրերի երիտասարդությունը եւ հասարակության լայն շերտերը պահանջում են արմատական փոփոխություններ այսօր եւ հիմա: Եւ եթե այդ փոփոխությունների պահանջին չընդառաջեն գործող իշխանությունները, ապա ժողովրդավարական ու ազատատենչ ուժերն իրենք են ձեւավորելու ժողովրդին ծառայող նոր իշխանությունը, ինչը արվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Եւ ոչ մի պաշտոնյա, ոչ մի հայտարարություն ու հուշագիր ի զորու չի լինելու կանգնեցնել այն: Ինքնաազատագրման, մեր իրավունքներին վերատիրացման, հայրենիքում ու հայեցի ապրելու գաղափարները համախմբում են մեզ բոլորիս` ժողովրդավարության ու ազատության համար պայքարող ինքնակառավարվող, կազմակերպված, գիտակից բոլոր խմբերին, այդ թվում` «Ժառանգությանը»,-ասել է ԱԺ պատգամավորը:





